Սպասվում է, որ Թուրքիայի դեմ հայցերը, որոնք նախկինում կասեցվել էին ԱՄՆ դատարաններում, ԱՄՆ նախագահի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո կվերսկսվեն:
Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Նիդեռլանդներում «Աբովյան» հայկական մշակութային միության ներկայացուցիչ Ինգե Դրոստը:
«Մինչ այժմ ԱՄՆ դատարանները մերժում էին հայերի բողոքները` նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը: Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում կվերսկսվեն այդ պահանջները»,- ասել է հայ ակտիվիստը:
Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հնարավորություններ և հեռանկարներ է բացում պատմական արդարության վերականգնման համար, այդ թվում` փոխհատուցման վճարման առումով:
«Հուսով ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի և հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վրա… Արդյունքում, ապագայում հնարավոր կլինի կարգավորել երկու երկրների հարաբերությունները», – ասել է Ինգե Դրոստը:
Նրա խոսքով՝ Անկարան չի գնա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացմանը, քանի որ այն գտնվում է ԱՄՆ-ից և Եվրոպայից տնտեսական և ռազմական կախվածության մեջ:
Ինչ վերաբերում է բուն Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ըստ Ինգե Դրոստի, երկրի խորհրդարանը բազմիցս կառավարությանը կոչ է արել ձևակերպել այս նախաձեռնությունը:
«Հոլանդիայի կառավարությունը, խուսափելով այս թեմայից, գուցե առաջնորդվել է ռազմական և տնտեսական շահերով, բայց հիմա կարող է փոխել իր դիրքերը և հետևել ԱՄՆ նախագահին այս հարցում»,- ասել է հայկական կազմակերպության ներկայացուցիչը, որի շտաբը գտնվում է Հաագայում։ Նա նշել է, որ Նիդեռլանդներում հայկական սփյուռքը կազմում է ավելի քան 30 հազար մարդ:
Նշենք, որ 2021 թվականի փետրվարին Նիդեռլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ բանաձև ընդունեց, որով երկրի կառավարությունը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց 2018-ին՝ «Քրիստոնեական միություն» կուսակցության նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կազմակերպված և իրականացված հայերի կոտորածները պաշտոնապես ճանաչեց որպես ցեղասպանություն: