Տեղի է ունեցել անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ համաժողովի նիստ՝ Հայաստանի նախագահությամբ։
ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում (FSC) Հայաստանի նախագահությունն սկսվել է միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման շուրջ երկխոսությամբ:
Ինչպես տեղեկացնում Է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, առցանց նիստը Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ապրիլի 28-ին: Ելույթ են ունեցել ԵԱՀԿ 57 անդամ պետությունների ներկայացուցիչներ։
Նիստի մասնակիցները քննարկել են միջազգային հանրության դերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների պահպանման ապահովման գործում:
«Հետևելով աշխարհում առկա իրավիճակի զարգացմանը՝ չի կարելի անտեսել այն փաստը, որ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և իրականության միջև անդունդ է առաջացել», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը:
Նա ընդգծել է, որ պետությունները պետք է գործեն իրենց իրավական ու բարոյական պարտավորություններին, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաների և դրանց վերաբերյալ արձանագրությունների սկզբունքներին ու պահանջներին համապատասխան, որոնք կազմում են միջազգային հումանիտար իրավունքի հիմքը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրավաբանական բաժնի խորհրդական Կորդուլա Դրեգեն պատմել է կոնկրետ իրավական և գործնական միջոցների մասին, որոնք պետությունները պետք է կիրառեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի միջև կապը՝ նշելով, որ մարդու իրավունքները համընդհանուր են բոլոր մարդկանց համար, և այդ իրավունքների պաշտպանությունը կախված չէ երկրի կամ տարածքի քաղաքական կամ միջազգային կարգավիճակից:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովի նախագահությունը Հայաստանին է անցել է մարտի 25-ին: Հայաստանը ԵԱՀԿ համաժողովը նախագահելու է 2021 թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին։