ՀՅԴ ներկայացուցիչները դուրս եկան հարցաքննությունից։ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց հարցաքննության բնույթի մասին՝ նշելով, որ իրեն որպես վկա էին կանչել։
«Փորձում էին հարցաքննել այն դեպքերի կապացությամբ, որոնք Դատախազության դիմաց տեղի ունեցած հավաքի ժամանակ էին եղել։ Բոլորը հարցերը մերժվել են։ Այս գործը հեռանկար չի կարող ունենալ։ Այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, ոչ մի ապագա չունի։ Ավելին՝ այն պետք է շուռ գա, ու մեղադրանքներ առաջադրվեն այն պաշտոնյաներին, որոնք իրենց հանցավոր անտարբերությամբ այս վիճակն են ստեղծել երկրում։ Պետք է գործեր հարուցվեն այն անձանց նկատմամբ, որոնք երկիրը բերել են այս վիճակին։ Մենք գործ ունենք մի քաղաքական իշխանության հետ, որն ապրում է իր քաղաքական հոգեվարքը»,-ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ այսօր կանչվել էին հարցաքննության։ Հավելենք նաև, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարել է այսօր Դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնելու մասին։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ՀՅԴ ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանին, Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին, Տարոն Տոնոյանին և Գերասիմ Վարդանյանին հարցաքննության կանչելու հանգամանքը կապել էր Դատախազության մոտ բողոքի ցույց իրականացնելու հայտարարության հետ։ Ի պատասխան՝ Գոռ Աբրահամյանը փաստեր էր ներկայացրել՝ հորդորելով, իր խոսքերով, փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցին հաջորդած ձերբակալություններից հետո Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաք էր հրավիրվել: Սակայն, այն տեղափոխվել էր դատախազության շենքի մոտ, որտեղ էլ բախումներ էին եղել։