ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ավետիսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին Armenia Today-ը զրուցեց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանի հետ։
«Որոշումը հստակություն կսահմանի իրավաբանների համար․ եթե ինչ-որ մի պաշտոնատար անձի նշանակման կամ ազատման հետ կապված նախագահը չի ստորագրում հրամանագիրը, այլ անգործություն է ցուցաբերում, և սահմանադրության ուժով անձը նշանակվում կամ ազատվում է աշխատանքից, արդյո՞ք իրավունքի ուժով ակտ է ընդունվում, թե՞ իրավունքի ուժով փաստ է հաստատվում։
Նախագահի ակտի նախագիծը վարչապետն ուղարկում է նախագահին, որպեսզի նա ստորագրի, սակայն ըստ սահմանադրության՝ եթե նախագահն անգործություն է ցուցաբերում ու չի ստորագրում, ապա առանց այդ ստորագրության էլ հրամանագիրը համարվում է որպես ընդունված փաստ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եթե վարչական դատարաններն ասում էին, որ նախագահի ստորագրությունը չլինելու դեպքում ոչ թե ակտ է ընդունվել իրավունքի ուժով, այլ փաստ է հաստատվել, ապա Վերաքննիչը հստակեցրեց, որ իրավունքի ուժով ընդունվել է ակտ, այլ ոչ թե փաստ հաստատվել։
«Սա շատ կարևոր իրավական թեմա է, չգիտենք կվիճարկվի՞, թե՞ ոչ, սակայն եթե վիճարկվի Վճռաբեկում, ապա որոշումից կհասկանանք դրա վերջնական լինելը»,- նշեց փաստաբանը։
Նա նաև հավելեց, որ մի փոքր կսպասեն՝ տեսնելու հակառակ կողմի գործողությունները Վերաքննիչի որոշման հետ համաձայնելու առումով, որից հետո որոշումը կհամարեն կայացած իրողություն։
«Ինձ համար զարմանալի էր վարչական դատարանների դիրքորոշումը, հետևաբար՝ Վերաքննիչի դիրքորոշումը մեզ ավելի հոգեհարազատ է»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը հայցը վերադարձրել էր՝ արձանագրելով, որ ակտ չկա, այլ իրավունքի ուժով փաստ է հաստատվել, որ Օնիկ Գասպարյանն աշխատանքից ազատված է։ Դատարանը վերադարձրել էր հայցը, առաջարկելով այլ հայցատեսակով դիմել դատարան։ Հայցը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում, դատարանն էլ արձանագրել է, որ ակտ կա։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
Առաջին հայցով դատարանն արձանագրել է, որ եթե նույնիսկ Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ապա հիմնավորել են, որ ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։
Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու, եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։
Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից երրորդը դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել։ Դատավորն այդ գործով բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։