ՀՀ սահմանադրական դատարանում մեկնարկել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:
ԿԸՀ-ից նիստին մասնակցում են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը: Նիստում քաղաքական ուժերի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիմումների մանրամասները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել էր ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը: