ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։ Այս մասին գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել է, որ ՀՀ ԿԸՀ են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Ըստ Դատախազության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կատարվող նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, ըստ Դատախազության, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավար Ա. Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը: