Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստին Չարչյանը հանդես եկավ ելույթով։
«Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես արդեն մի ամիս է՝ ինչ կալանքի տակ եմ։ Յուրաքանչյուր ամիս անձամբ կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություններ, որոնք մյուսները չեն կարողանում անել, կամ եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով ու որակով ինչ ես եմ անում։ Ամսական ես 200-250 վիրահատություն եմ կառավարում, վերահսկում այն բոլոր կլինիկաներում, որոնք ես եմ ստեղծել և որոնցում իմ աշակերտներն են աշխատում։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Մի ամիս 200-250 քաղաքացի զրկված է եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձևով կատարման հնարավորությունից։ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Դա է գերակա շահը, հարգելի՛ դատարան»,- իր ելույթում նշեց Արմեն Չարչյանը։ Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական կողմը նշեց, որ առկա են բոլոր հիմքերը Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի՝ եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։