Այսօր ժամը՝ 17:30-ին, Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այս մասին գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։ Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են: