ՊԵԿ-ն անդրազգային կազմակերպության կողմից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Ուկրաինա թմրանյութի աննախադեպ մեծ քանակի տեղափոխման դեպքի մասնակից է դարձել։
2021 թվականի հուլիսի սկզբին ՊԵԿ-ում տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:
ՊԵԿ-ում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: ՊԵԿ-ից դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ, օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում:
2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը:
Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:
Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ:Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն:
Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի: