Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։
Գործով մեղադրյալներ են նաև Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղատնտեսության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Նշենք, որ վերոնշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը կորոնավիրուսից մահացել են, և դատարանը, բավարարելով հարազատների դիմումները, դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։