Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:
Արմեն Գևրգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդես եկավ դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, քանի որ նախկին փոխվարչապետը մասնակցում է ԱԺ նիստին և հնարավորություն չունի մասնակցել դատական նիստին: Փաստաբանը նշեց, որ Արմեն Գևորգյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է, նա ԱԺ-ում ելույթ է ունենալու ու պատասխանելու է պատգամավորների հարցին։
Էրիկ Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Արմեն Գևորգյանի անձեռմխելիության հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ի գիտություն չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկները։ Նա նշեց, որ եթե հաջորդ նիստին Արմեն Գևորգյանը չներկայանա, վերջինիս բերման են ենթարկելու։ Այս կապակցությամբ դատական նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։