Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է, այսպես կոչված, «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ դատարանը ստացել է Վահան Շիրխանյանի տիկնոջ դիմումն առ այն, որ Շիրխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինսուլտային նշաններ կան, որոշակի հանգամանքներ են նկարագրված, որոնք բացառում են Շիրխանյանի ներկայությունը դատական նիստին։
Հետո Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ դատական նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությամբ, ինչին դատավորը համաձայնեց՝ խնդրելով մամուլին լքել նիստերի դահլիճը: Որոշ ժամանակ անց հանդիպումն ավարտվեց, հանդիպման բոլոր մասնակիցները հրաժարվեցին որևէ բան հայտնել լրատվամիջոցներին: Միայն հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվել է երկու շաբաթով:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ 20 հոգուց բաղկացած զինված խումբը՝ Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, որը պատրաստվում էր պետական հեղաշրջում, վնասազերծվել է:
20 անձի առաջադրված մեղադրանքները լրացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 35-300 հոդվածի 1-ին մասով: Հիմք ընդունելով լայնածավալ քննչական միջոցառումների արդյունքում հավաքված ապացույցների ամբողջականությունը՝ ներառյալ հարցաքննությունները, առերեսումները, խուզարկությունները, փորձաքննությունները, ինչպես նաև օպերատիվ-որոնողական գործողությունների ընթացքում ձեռք բերված տվյալները` պարզվել է, որ Արթուր Վարդանյանը, ունենալով ռազմական գործողություններին մասնակցելու փորձ և ռազմական հմտություններ, ստեղծել է հանցավոր համայնք իշխանությունը զավթելու համար: