Գորիսի փոխքաղաքապետերի՝ Իրինայի Յոլյանի և Մենուա Հովսեփյանի պաշտպանները դատավորներ Մնացական Մարտիրոսյանին և Կարեն Ֆարխոյանին ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Խնդիր կա և՛ քրեական գործի մակագրման, մակագրման փոխարեն անհայտ կայքով ինչ-որ նշան է ուղարկված, և՛ լուրջ կասկածներ ունենք, որ սա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից չի արված, հակառակ դեպքում, չգիտես ինչու, ինչ-որ զուգադիպությամբ հենց նույն դատավորներին են այս գործերը մակագրվում»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանները հեռացել են խորհրդակցական սենյակ՝ որոշումներ կայացնելու։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետի տեղեկալները ձերբակալվել են: Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը որպես մեղադրյալ ներգրավվել են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
Մենուա Հովսեփյանը մեղադրվում է նաև ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր):