«Ֆիզգորոդոկի» ակցիայի հետ կապված՝ երեկ հանձնարարել եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին հանդիպել բնակիչներին և տեղում ուսումնասիրել նրանց նկատմամբ տեղի ունեցող իրավունքի խախտման փաստերը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Արդյունքում՝ բողոքի ակցիա իրականացնող բնակիչները փորձագետներին ներկայացրել են խնդրահարույց իրավիճակը. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգորոդոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք։ Նշված փաստերի առթիվ, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովում կիրականացվի ուսումնասիրություն, որի արդյունքում պատկան մարմինների կողմից թույլ տրված անօրինականությունների մասին գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»,- գրել է Թովմասյանը։