Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։
Նախագծից ենթադրվում է, որ հանրային ծառայողը կազատվի պաշտոնից, եթե հոկտեմբերի 1-ից չներկայացնի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։
«Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:
Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։