Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Դատարանն անփոփոխ թողեց կալանքը։ Միջնորդել էինք, որպեսզի դատարանը նվազագույն շեմը 20 մլն ՀՀ դրամի դիմաց ազատ արձակեր, սակայն, միջնորդությունը մերժվեց։ Առուշ Առուշանյանը չպետք է գտնվի անազատության մեջ, քանի որ որևէ հիմք չկա»,- նշեց նա։
Հավելենք, որ այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացել է Առուշ Առուշանյանի և Լուսինե Ավետյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել էր։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: