Մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպմամբ Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Ժամանակակից տեխնոլոգիաները և մեդիան օմբուդսմենի աշխատանքում» թեմայով առցանց համաժողովը:
Քննարկումներին մասնակցել են Ալբանիայի, Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի Կիպրոսի, Գերմանիայի, Հունաստանի Մալթայի, Իսրայելի և այլ երկրների մարդու իրավունքների հաստատություններ: Այս մասին հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Բացման խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ մեր օրերում ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են տեղեկության անփոխարինելի աղբյուր, ինչի շնորհիվ տեղեկությունը հասարակությանը ներկայացվում է առավել մատչելի և արդյունավետ:
Բացման խոսքով հանդես է եկել նաև Միջերկրածովյան օմբուդսմենների ասոցիացիայի նախագահ Անդրեաս Պոտակիսը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին միջոցառման կազմակերպման և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության համար։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է նաև ombuds.am կայքի բջջային երկլեզու հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը վերաբերող իրազեկումներին և կապ հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այն հասանելի է App Store-ում և Google Play-ում:
Քննարկման մասնակիցները կարևոր են համարել փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։