Դատարանի որոշումը, որով արգելվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին լքել երկիրը, ճիշտ էր: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողներին ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Խափանման միջոցի իմաստը ո՞րն է։ Այսինքն՝ ընտրվի խափանման միջոց, բայց անձը երբ ցանկանա, որտեղ ուզենա գնա՞։ Դա խափանման միջոցի հետ որևէ կապ չունի, հետևաբար, դատարանի որոշումը համարում ենք ճիշտ»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ վերահսկող մարմինը դատարանի որոշումը ճիշտ է համարում:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին լքել երկիրը։
Այսպիսով՝ Գևորգյանը, որը պետք է մասնակցեր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկել էր սեպտեմբերի 27-ին, հայկական պատվիրակության կազմում, չի կարողանա մեկնել Ստրասբուրգ:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գործով ներգրավված մեկ այլ անձ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, որը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: