ՀՀ Վարչական դատարան դիմում է ներկայացվել՝ կորոնավիրուսի թեստավորման մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանն անվավեր ճանաչելու մասին:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա տեղեկացրել է, որ դիմումի մեջ խնդրում է առկախել տվյալ հրամանի գործողությունը մինչև գործի քննության ավարտը:
Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաքը վարչապետի հասցեին ուղղված խնդրագրի ներքո՝ առողջապահության նախարարի հրամանի վերանայման կոչով:
Ավելի վաղ իրավաբանը հայտնել էր, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը չեղարկելու պահանջով: Սեպտեմբերի 29-ին սկսված ստորագրահավաքը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1 – ից պետհաստատությունների և մասնավոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր կլինեն գործատուին ամիսը երկու անգամ ներկայացնել կորոնավիրուսի ՊՇՌ-ի թեստի արդյունքը՝ բացառությամբ պատվաստված քաղաքացիների, հղի կանանց և հակացուցումներ ունեցող անձանց: