ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը հետաձգվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին դատական գործի նյութերին ծանոթանալու մեկ շաբաթ ժամանակ տվեց։ Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ այն բավարար չէ։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։