Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպաններն այսօր դատարանին միջնորդել են նրա տեսակցությունների սահմանափակումը վերացնել։ Միջնորդության քննարկումը, սակայն, հետաձգվել ու նշանակվել է նոյեմբերի 5-ին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Հաջորդ դատական նիստին գործով մեղադրող դատախազն իր դիրքորոշումը կհայտնի։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Առուշ Առուշանյանի վերաբերյալ բոլոր քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել էր։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Նշենք, որ ըստ Առուշանյանի պաշտպանների` մեղադրանքի հիմքում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի մեղադրական բնույթի ցուցմունքն է։
Հիշեցնենք նաև, որ այս քրեական գործով սկզբում կալանավորված էր Ավետյանը, ինչպես պաշտպաններն են պնդում, նրա ցուցմունքից հետո որպես մեղադրյալ ներգրավել եմ Առուշանյանին։ Առուշ Առուշանյանի՝ կալանքի տակ հայտնվելուց հետո Ավետյանն ազատ էր արձակվել։