Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը լքեց նիստերի դահլիճը։
Մեղադրող կողմը միջնորդել է սանկցիա կիրառել նրա նկատմամբ։ Պաշտպան Հայկ Ալումյանը մեղադրող կողմի պնդումները իրականության խեղաթյուրում որակեց։ Դատարանը, այնուամենայնիվ, որոշեց սանկցիա կիրառել Լուսինե Սահակյանի նկատմամբ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում): Ռ․ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։