Հայ֊ադրբեջանական շփման գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԱՀ ՊԲ զինծառայողների սպանության, հարակից բնակավայրերի բնակչությանն ահաբեկելու, բնականոն կյանքը խաթարելու ակնհայտ նպատակ ունեցող հանցավոր սադրանքի միջոցով հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ առկա տվյալները ևս փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նրանց հետ ձևավորվել է օպերատիվ կապ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը կեսգիշերին կարգավորվել է. հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: