Վերջին ամիսների ընթացքում կառավարության կողմից մի շարք իրավական մեխանիզմներ են մշակվել, որոնք միտված են ապահովել բնակչության լայն շրջանակների մոտ պարտադիր պատվաստումը։ Կառավարության վերոնշյալ որոշումները որոշակի դժգոհություններ են առաջացրել հատկապես հանրային ոլորտում աշխատողների շրջանում։ Պատվաստումը կամ ՊՇՌ թեստավորումը պարտադիր դարձնելու իրավական բաղադրիչի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մասին Armenia Today-ը մեկնաբանություն է խնդրել «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագետ, առողջապահության և էկոնոմիկայի հարցերով ԱՀԿ ազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանից։
Պարտադիր պատվաստումը իրավական տեսանկյունից հակասահմանադրական է
Ըստ Արիստակեսյանի՝ Աշխատանքային օրենսդրության մեջ արվող փոփոխությունները նախ հակասահմանադրական են, որովհետև նախատեսվում է պարտադիր պատվաստմում հանրային աշխատողների մի մասի համար: Ըստ փորձագետի՝ այս քայլով գործադիրը փորձում է իրավական հիմք ստեղծել ՀՀ առողջապահության նախարարի 2021 թ. օգոստոսի 20-ի թիվ 65-Ն ոչ իրավաչափ հրամանի համար:
«Պարտադիր պատվաստումն, ըստ էության, հակասահմանադրական է, խախտում է ՀՀ Սահմանդրության 2 հոդվածներով նախատեսված սկզբունքները՝ օրենքի առջև բոլորի հավասարության (28-րդ հոդված) և սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելքը (29-րդ հոդված)։ Այն հակասում է նաև Սահմանադրության 25-րդ հոդվածին, ըստ որի՝ «ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության անձին ենթարկել գիտական, բժշկական կամ այլ փորձերի», իսկ այս պատվաստանյութերի պարտադիր կիրառումը, ըստ էության, կլինիկական փորձարկում է։ Ոչ ոք իրավունք չունի այսպիսի կանոնակարգ մշակի կամ պայմանագրերում այնպիսի կետ դնի, որ բոլորը գնան պարտադիր գիտափորձի։ Կարող են ենթարկվել պարտադիր բուժզննության, որը շատ կարևոր է հանրային առողջության պահպանման տեսանկյունից, բայց չեն կարող ենթարկվել պարտադիր գիտափորձի»,- նշեց Արիստակեսյանը։
Հարցին, թե պաշտոնական գերատեսչությունների կողմից բերված հիմնավորումները արդյոք բավարա՞ր չեն պարտադիր պատվաստում իրականացնելու համար, փորձագետը պատասխանեց.
«Գիտական աշխարհում չկա դեղահամաճարանակաբանական լուրջ շարունակական բժշկական ապացույցների հիման վրա կատարված որևէ հետազոտություն, ըստ որի՝ պատվաստանյութն ապահովագրում է մարդուն չվարակվելուց կամ թեթևացնում ու հեշտացնում է դրա տարրերը. չկա այդպիսի հետազոտություն։ Հետևապես, գիտափորձը դեռ ավարտված չէ։ Դեռ ապացուցված չէ դրա արդյունավետությունը, անվտանգությունը, որակը, որին համապատասխան էլ պետք է երկրում պետական գրանցում ստանան պատվաստանյութերը որպես դեղամիջոցներ: Պարզապես դրանց կիրառությունը սահմանափակված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Դեղերի մասին» ՀՀ օրենքներով»։
Արիստակեսյանը հավելեց, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր պատվաստվել, կարող են գնալ այդ քայլին, բայց ոչ ոք իրավունք չունի պարտադրել և կարիք չկա աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, «որպեսզի պարտադիր պատվաստումը տեղ ունենա մեր կյանքում»։
Փորձագետը նշեց, որ կիսում է Առողջապահության նախարարության և կառավարության մտահոգությունները՝ հանրային առողջությունը պահպանելու առումով։
«Դա շատ կարևոր է, և ես ողջունում եմ կառավարության և առողջապահության նախարարության այն գործունեությունը, որով մտահոգված են ՀՀ քաղաքացիների հանրային առողջության պահպանմամբ։ Այսինքն՝ ինչը վերաբերում է հակահամաճարակային սահմանափակումներին, կանոններին, կարգերին՝ երկու ձեռքով կողմ եմ։ Այո՛, մեր քաղաքացիները շատ անփույթ են վարվում, անպատասխանատու են, հակաօրինական գործունեություն են կատարում, երբ չեն կատարում նախարարության ցուցումները, որը պատասխանատու է երկրում առողջապահական քաղաքականության համար»,- ասաց Արիստակեսյանը։
Ըստ Արիստակեսյանի՝ իշխանություններն այս առումով է պետք ավելի շատ ջատագովել. «Այո՛, պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժեն այդ մարդկանց, «կպնեն գրպանին», որպեսզի նրանք պահպանեն այդ կանոնները, բայց չի կարելի պարտադիր պատվաստման տակ տանել և զարգացնել համաշխարհային դեղագործական ընկերությունների բիզնեսը, որպեսզի վերջիններս գիտափորձ կատարեն»։
Պարտադիր պատվաստումը կամ ՊՇՌ թեստավորումը բերում է հանրային ոլորտում աշխատողների ֆինանսական վիճակի վատթարացման և կոռուպցիոն երևույթների
Արիստակեսյանը նշեց, որ իրենց ՀԿ-ի ներկայացմամբ՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան շուրջ մեկ ամիս առաջ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ նախազգուշացնելով պարտադիր թեստավորման կամ պատվաստման բացասական հետևանքների մասին, և այսօր այդ ամենն ի հայտ է գալիս։
«Մենք նախօրոք ահազանգել էինք, որ այդ պարտադրանքը կբերի հանրային աշխատողների ֆինանսական դրության վատթարացմանը։ Օրինակ՝ ուսուցիչը, ով ստանում է 70-100 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի ինքը պարտադիր չպատվաստվի, պետք է ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնի, և դա կազմում է մոտ 30 հազար դրամ։ Ինչո՞ւ պետք է ուսուցիչը 30 հազար դրամ ծախսի նրա համար, երբ ՊՇՌ թեստի ճշտության աստիճանը շատ ցածր է գնահատվում»,- նշեց փարձագետը՝ հավելելով, որ ՊՇՌ թեստավորումը ևս չի արդարացնում իր արդյունքները, քանի որ թեստ հանձնելու հաջորդ օրն էլ քաղաքացին կարող է վարակվել վիրուսով, իսկ մյուս կողմից, եթե ավելի պարբերական լինեն թեստավորումները, դա կխանգարի հանրային ոլորտի աշխատողների բնականոն աշխատանքային գործունեությանը։
Հաջորդը, ըստ փորձագետի, կոռուպցիոն երևույթների մեծ ծավալի ի հայտ գալն է։
«Այդ մասին մենք զգուշացրել ենք, որ այդ պարտադրանքը կմղի կոռուպցիոն համաձայնությունների։ Փաստն այն է, որ արդեն քրեական գործեր կան հարուցված։ Ինչո՞ւ ենք մենք կոռուպցիոն ռիսկերը մեծացնում»,- եզրափակեց փորձագետը։