Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորև։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը սկսել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի հետ դատավարություն է նախաձեռնել ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան:
Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաեւ զանգվածային սպանությունների, կտտանքների եւ այլ խախտումների մեջ: Հայկական կողմի պնդմամբ, «այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում», երբ ադրբեջանական կողմը «կրկին կատարել է կոնվենցիայի կոպիտ խախտումներ»:
«Եվ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո», որը հաջորդեց 2020թ.նոյեմբերի 10-ին հրադադարից հետո, Ադրբեջանը շարունակեց իրականացնել սպանություններ, կտտանքներ և այլ հանցագործություններ պատերազմի հայ գերիների, պատանդների և այլ բանտարկյալների նկատմամբ», – ասվում է հայցում: Դրա հիման վրա Հայաստանը խնդրում է Ադրբեջանին մեղավոր ճանաչել ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման մեջ, կանխել հետագա վնասը եւ փոխհատուցել արդեն իսկ հասցված վնասը: