Իրավապահները ներխուժել են Գորիսում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ, տարածքը շրջափակված է կարմիր բերետավորներով:
Փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, թե, նրա խոսքով, իբր, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել:
Նրա խոսքով՝ դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Հիշեցնենք նաև, որն Գորիսի համայնքապետի թեկնածու, այժմ Գորիսի քաղաքապետ հանդիսացող Առուշ Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու մեջ, նա կալանքի տակ է հուլիսի 16-ից: Նշենք, որ Առուշանյանը մասնակցում է Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով: