ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
Համայնքի ղեկավարն ինքնակամ կառուցված 1302,81քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, որի արդյունքում օրինականացման համար վճարվելիք 2.402.553 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել՝ այդ կերպ էական վնաս պատճառելով Պտղունք համայնքի օրինական շահերին:
Ապա քաղաքացու սեփականություն հանդիսացող 0.0349 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխելով՝ որևէ միջոց չի ձեռնարկել ինքնակամ կառուցված 294,528 քմ մակերեսով շինությունն օրինականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում վճարվելիք 1.237.017 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Իսկ բարեգործական հիմնադրամին օգտագործման իրավունքով պատկանող 0.2205 հա մակերեսով հողամասի դեպքում ինքնակամ կառուցված 1848,9 քմ մակերեսով հասարակական շինությունն օրինականացնելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, իսկ դրա օրինականացման համար վճարվելիք 7.765.380 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: