Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության եւ ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի եւ Ջեյմս Մարեյի հետ։ Այս մասին հայտնում են Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին և Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, և ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու և սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները և բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։
Վարուժան Ներսեսյանը հատուկ կարևորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում հակառակ բոլոր միջազգային մարդասիրական նորմերի։ Դեսպանը ներկայացրել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարեւորությունը։
Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը և տարածաշրջանում բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավումը։
Դեսպանը եւ ՄԹ Համայնքների պալատի անդամները կարեւորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը և միջազգային հարթակներում տարբեր հարցերի շուրջ փոխգործակցությունը։