Հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն երկու տարի ժամկետով: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Ըստ նրա, հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետի կրճատումը պայմանավորված է նրանով, որ 2022 թվականի վերջից և 2023 թվականի սկզբից ներդրվելու է կենսաչափական անձնագրերի համակարգ, և հենց այդ ժամանակվանից սկսած քաղաքացիները կարող են ստանալ նոր նմուշի անձնագրեր:
Ֆիդանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ տրված կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 10 տարի է: Նրա խոսքերով, սպասվում է երկարատև շրջան՝ նոր նմուշի անձնագրերին անցնելու համար: Նա նաև հայտնեց, որ նոր անձնագրերի դիզայնի համար հայտարարվել է մրցույթ, սակայն համակարգի աբողջական ներդրման մրցույթ դեռևս հայտարարված չէ, և այդ պատճառով դեռ հնարավոր չէ խոսել հաղթող կազմակերպության մասին:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչությունը, ի պատասխան Armenia Today-ի հարցման, հայտնել էր, որ հին անձնագրերի տրամադրումը լրիվ ընթացակարգով վերականգնվել էր սեպտեմբերի 13-ից: Ըստ վարչության, խափանումներն առաջացել էին մատակարարող ընկերության հետ, որը հայտնել էր, որ մատակարարման խնդիրները ծագել էին Եվրոպայի լոգիստիկ խնդիրներից՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Այդ ամենի հետևանքով չէր հաջողվել ստանալ փաստաթղթերի լամինացված էջերը: Ոստիկանությունից նաև հայտնել էին, որ նախկինում անձնագրերի տպագրության մրցույթ էր հայտարարվել, որում հաղթել էր լեհական PWPW կամակերպությունը: Պատվիրվել էին հին նմուշի անձնագրերի 200 հազար օրինակ, ինչի համար հատկացվել էր 268 916 հազար դրամ: