ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողներն իրենց մոտ գտնվող կատարողական վարույթների շրջանակներում մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Այդ մասին հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բացի վերոգրյալից, պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6.000.000 ՀՀ դրամ և 3.900.000 ՀՀ դրամ վարկային պարտավորությունների մասին, քաղաքացիներին համոզելու եղանակով դրդել է կեղծ սնանկության, մասնավորապես՝ նրանց կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում՝ պարտատերերին մոլորեցնելու և կուտակված պարտքերը չվճարելու նպատակով վերջիններին հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը բավարարելու նպատակով կազմել և քաղաքացիական գործով դատարան ներկայացնել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ:
Ընդ որում, հարկադիր կատարողը վերը հիշատակված ակնհայտ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության համար քաղաքացիներից մեկից 2021 թվականի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500.000 ՀՀ դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350.000 ՀՀ դրամ գումար կաշառք:
Վերոգրյալ գործողությունների արդյունքում քաղաքացիական գործով մասնակից անձի կողմից դատարան է ներկայացվել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ, բավարարվել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ պարտատերերին պատճառվել է խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:
ԱԱԾ-ն հավելում է, որ գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, հարկադիր կատարողներից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան, որոնք բավարարվել են: