Նախորդ տարի հանրապետությունում արձանագրվել է 39 սպանության դեպք, այս տարի՝ 41 դեպք, այսինքն՝ սպանությունների թիվն աճել է ընդամենը երկուսով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Նա նշեց, որ պատերազմից հետո ունենք ապօրինի զենք-զինամթերքի մեծ ծավալի շրջանառություն Հայաստանում:
«Ոստիկանությունն ահռելի մեծ աշխատանք է անում այդ զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեաբանական առումով կանխատեսում էինք հանցագործությունների ավելի մեծ աճ՝ այդ թվում զենքի կիրառման դեպքերի, բայց մենք այսօր ունենք բավականին քիչ թվով հանցագործություններ, ինչպես նաև զենքով կատարված հանցագործությունների նվազում ունենք»,- փոխանցեց փոխոստիկանապետը։
Արա Ֆիդանյանի խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի թվերի աճ է գրանցվել։
«Դրանք մշտապես առկա են եղել, սակայն մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ ավտոմեքենաների մեծածավալ ներկրումը Հայաստանում»,- ասաց նա։
Փոխոստիկանապետի պարզաբանմամբ՝ ՃՏՊ-ների աճը պայմանավորված է նաև ճանապարհային թեթև պատահարներով, իսկ մահվան դեպքերը՝ Երևանից դուրս արագացումներով կամ ճանապարհների վատ լուսավորությամբ և ճանապարհների անմխիթար վիճակով։