ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ազատ կարձակվի։
Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց վերջինիս փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա նշեց, որ դատարանը բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը։
Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին ՝ Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած կրակոցների քրեական գործով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Քննչական կոմիտեն, Ռոբերտ Սուքիասյանը մի խումբ ընկերների հետ վիճել է Նարեկ Կարապետյանի և նրա ընկերոջ հետ։
Վիճաբանության առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Կարապետյանը, գտնվելով ավտոմեքենայի ղեկին, վիրավորել է Սուքիասյանի ընկերոջ կնոջը ։ Սուքիասյանը գլխով ու բռունցքով հարվածել է Կարապետյանի դեմքին, ապա հանել ու ցուցադրաբար լիցքավորել իրեն պատկանող մարտական ատրճանակը, որից հետո երկու անգամ կրակել է հակառակորդի ոտքերի մոտ։ Այնուհետև նա նույն ատրճանակից կրակել է Կարապետյանի ընկերոջ վրա ՝ աջ ոտքի շրջանում նրան պատճառելով հրազենային վնասվածք։