Այսօր հայտնի դարձավ, որ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Այս մասին նշվել է Դատական տեղեկատվական համակարգում։
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ «Ալյանս» դեմոկրատական կուսակցությունը Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն է տարածվել։
«Այո՛, 21-րդ դարում, 2021թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի էունենում ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ անհեթեթ հիմնավորումներով իրավական հետապնդում: Ակնհայտ է, որ մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է կիրառվել Արզաքանցյանի՝ «Ալյանս» մուտք գործելու և խորհրդի նախագահ ընտրվելու պահից օրեր անց, ՏԻՄ ընտրություններին «Ալյանս»-ի հայտ
ներկայացնելուց անմիջապես հետո, մինչ դեռ քրեական գործը հարուցվել է ամիսներ առաջ:
Հիշեցնում ենք, որ քրեական գործը հարուցվել է ճիշտ այն նույն տեղեկանքի առթիվ, որի հիման վրա Արզաքանցյանին հանեցին մրցապայքարից խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասված է կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ։