Նոյեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությունը։
Ինչպես հայտնել է ՍԴ մամուլի ծառայությունը՝ այցի նպատակն է որակական նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով միջդատարանական համագործակցության խորացմանը։
Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել առանձնազրույց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանադրական դատարանների նախագահների միջև, ընդլայնված կազմերով մասնագիտական քննարկումներ, նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ:
Տուրավայի ղեկավարած պատվիրակությունն արդեն այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։
Երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։