Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու միջնորդություն է նախապատրաստում։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ խոսքը կալանքը գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին է։ Այդ նպատակով Գորիս են ժամանել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, որոնք պատրաստ են հանդես գալ երաշխիքով։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի կունենա հուլիսի 16-ին կալանավորված Գորիսի համայնքի ղեկավար Առուշա Առուշանյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու, խարդախության մեջ։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ հոկտեմբերի 17-ին Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։