Հայաստանում առաջիկայում կձևավորվեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ և մասնագիտական հանձնաժողով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Կստեղծենք խորհուրդ քաղաքական բոլոր ուժերի, մասնագետների, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, և իրենք թող միասին ընտրեն մասնագիտական հանձնաժողով, որոնք կլինեն հարգարժան մասնագետներ իրավունքի ոլորտում և արդեն խորհուրդը իր մասնագիտական հանձնաժողովի հետ միասին կտա այն պատասխանը, թե Հայաստանը կլինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական: Ունենք դատական համակարգի գլոբալ բարեփոխման հարց, օրինակ` Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները պետք է միավորվե՞ն, թե պետք է լինեն առանձին, արդյո՞ք պետք է միավորվեն Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանները»,- մեկնաբանել է Անդրեասյանը:
Նախարարը մանրամասնել է, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը լայն ներկայացվածություն է ունենալու, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերը, 3 արտախորհրդարանական ուժերը, 3 հասարակական կազմակերպությունները, պետական մի շարք կառույցներ` ԲԴԽ-ն, ՄԻՊ-ը, նախարարություններ և այլն։