Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ:
Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները, իսկ հեռախոսազանգերի արգելքը կպահպանվի։
Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատավորը հայտարարեց, որ դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում նրան տեղափոխել այդտեղ՝ հաշվի առնելով նիստերի ինտենսիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված:
Նշենք, որ Առուշ Առուշանյանի հարազատները նրան չէին կարող տեսակցել, ինչպես նաև սահմանափակվել էին հեռախոսազանգերը։
Հիշեցնենք որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու, խարդախության մեջ։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ հոկտեմբերի 17-ին Գորիսի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է նրա գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։