ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշվել է, որ հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են:
Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացիոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:
Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: Այս պահին «Տաշիր Պիցցա» սննդի կետերը փակ են։