«Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն)»։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։
«Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՀՀ հարակից համայնքների բնակիչների իրավունքների վիճակը:
Ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։ Մարդկանց համար առաջ է եկել խիստ անորոշ վիճակ:
Նախ, լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով:
Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:
Օրինակ՝ այսօր Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով:
Խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի (Տեղ համայնքի Խոտ բնակավայրով անցնող) դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, օրինակ, հատկապես եղանակային պայմանների պատճառով անանցանելի լինելու պատճառով: Ավելին, խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ ճանապարհի փակ լինելու մասին տեղեկացել են այսօր առավոտյան:
Այս բացառիկ հումանիտար հարցը Գորիս–Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության պատճառով դարձել է խիստ խնդրահարույց: Արձանագրվել է հաշմանդամության կենսաթոշակի հետ կապված Գորիս քաղաք մեկնելու անհրաժեշտության հրատապ դեպք, որ հնարավոր չի եղել ապահովել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական արարքների պատճառով առաջացած՝ քաղաքացիների համար առօրյա կյանքի կազմակերպման, կենսական կարիքների լուծման խնդիրներ: Օրինակ՝ այսօր Շուռնուխում եղանակային պայմանների պատճառով հրատապ անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել բնակելի տներից մեկի տանիքը, սակայն անհրաժեշտ շինարարական նյութերը ձեռք բերելը եղել է անհնարին:
Վերը նշված փաստերը վկայում են, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական երեկ ՀՀ-ում հայտարարված, այսպես կոչված, սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի իրավունքները:
Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը:
Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք:
Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful):
Փաստերն ակնհայտ հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը էլ ավելի է խորացնելու մարդու իրավունքների խախտումներն ու Հայաստանի քաղաքացիական բնակչությանը կանգնեցնելու է էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց նշված արարքներն ապօրինի են (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է:
Ավելին, պետք է հիշել, որ այս ամենին զուգահեռ շարունակվում է ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ծառայություն են տանում՝ ուղղված մարդկանց անվտանգության ապահովմանն ու աջակցությանը: Այս մասին նշել են նաև բնակիչները: Առանձին աջակցութուն են ցուցաբերում նաև համայնքային մարմինները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի նրանց հետ համագործակցությունը՝ մարդկանց խնդիրների լուծման նպատակով:
Սյունիքի մարզում կատարված այս փաստահավաք աշխատանքների արդյունքները կամփոփվեն և իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և հասարակական կազմակերպություններին»,-նշվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ: