ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանրն։հանցագործություններ, հայտնել է ԱԱԾ-ն։
Նա մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:
2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3 680 000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: