ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով որևէ քրեական գործ: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է: Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք, պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության, կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության: