ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է չորս անձի նկատմամբ սպանության փորձ և սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Հավելենք, որ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ համապատասխան միջադեպը տեղի է ունեցել 2021թ. ապրիլի 3-ին, Ծաղկաձոր քաղաքում, որի ժամանակ կրակոցներ էին արձակվել «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկը, ով Արարատի մարզի 23-ամյա բնակիչ է, և վերջինիս ընկերն ինքնակամ ներկայացել էին իրավապահներին և նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով իրենց կողմից տրամադրված տեղեկատվության կեղծ լինելը, որպես վկա հարցաքննվելու ընթացքում կատարել էին սուտ մատնություն՝ հայտնելով, թե իբր կրակոցներն արձակել է իրենց մյուս ընկերը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակել է ընկերոջ նկատմամբ սուտ մատնություն կատարած Արարատի մարզի 23-ամյա բնակիչը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ վերջինիս ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ինչ վերաբերում է երիտասարդին, որի նկատմամբ վերջինիս ընկերները սուտ մատնություն էին կատարել, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: