Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ժամանակն է, որ գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննվի:
«Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Ամեն դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե՞ ոչ»,-մասնավորապես նշել էր վարչապետը:
Այս հայտարարությունից հետո թեմայի շուրջ քննարկումներ սկսվեցին: Եղան նաև տարատեսակ շահարկումներ այնպիսի թեմայի շուրջ, որը բավականին նուրբ է, խոցելի ու որին պետք է շատ զգուշորեն մոտենալ:
Armenia Today-ը զրուցել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ, որի խոսքով՝ իրականում խնդիրը երկու հարթություն ունի:
«Առաջինն այն է, որ երկիրը, որպես այդպիսին, հստակ պատկերացում չունի, թե ինչպես է պաշտպանում իր քաղաքացուն, որպեսզի նա չհայտնվի գերու կարգավիճակում: Մենք դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ունեցել ենք իրավիճակներ, երբ գերեվարվել են թե՛ մեր խաղաղ բնակչությունից, թե՛ զինծառայողներից և թե՛ կամավորներից: Նրանց ճակատագրերը մինչ այժմ անհայտ են: Մինչ օրս հստակեցված չէ, թե նրանք ինչպես են վերադարձվելու»,- մեզ հետ զրույցում նկատեց իրավապաշտպանը:
Երկրորդ հարթությունը, Զառա Հովհաննիսյանի խոսքով, գերիների նկատմամբ վերաբերմունքն է: Խոսքը հատկապես նրանց վերադարձից հետո հնարավոր դիսկուրսներն են:
Այս համատեքստում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Զառա Հովհանիսյանը նրա արտահայտությունները ոչ կոռեկտ որակեց.
«Ցանկացած հանցագործության պարագայում հանգամանքները, բնականաբար, քննվում են: Այս պարագայում, սակայն, ոչ այդքան նրբանկատ վերաբերմունքի և ակնհայտ խտրական մոտեցման հետ գործ ունենք: Մասնավորապես, խոսքն այն շեշտադրումների մասին է, թե գերի ընկած մարդն ինչ-որ խնդիր կարող է առաջացնել: Բացի այդ, փաստացի, մենք շեշտում ենք, որ կյանքն առավել պակաս է մահվանից: Իրականում շատ վաղուց եմ խոսել այն մասին, որ մենք ոչ թե կյանքի մշակույթը կրող, այլ բռնության հասարակություն ենք: Ու այն ելույթները, որոնք հատկապես քաղաքական բարձր ամբիոններից են հնչում, բռնության մշակույթից բխող ելույթներ են: Դրանք ուղղված չեն մարդու կյանքի պաշտպանությանը: Հակառակը, ստացվում է, որ մենք մահվանից հետո որպես պարգև հերոսացնում ենք մարդուն՝ ասելով՝ «լավ ես արել, որ մահացել ես, դա հերոսության նշան է»: Մենք կամաց-կամաց վերածվում ենք ոչ թե կյանքն ամեն կերպ պահպանող, այլ մահը պաշտող հասարակության, ինչը խրախուսվում է բարձր ամբիոնից: Մյուս կողմից՝ խրախուսվում է խտրականությունը»,- ասաց մեր զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդն այնքան է բռնություն, խտրականություն տեսել, որ այդ անընդունելի երևույթներն այլևս խորթ չեն. «Ու բարձր ամբիոններից նման ելույթներով ամրապնդվում է բռնության մշակույթը, և խտրականություն ենք սերմանում այն խմբերի նկատմամբ, որոնք տուժող են: Մենք գնում ենք մահվան հետևից ու մարդկանց ավելի շատ կոչ ենք անում մեռնել, քան ապրել, մինչդեռ մահը պաշտող հասարակություններն ապագա չունեն»:
Նա հիշեցնում է, որ գերիներն ամենախոցելի խումբն են մեր հասարակության մեջ:
«Նույնիսկ պատերազմը վերապրած երիտասարդները խնդիրներ ունեն, չեն կարողանում մեր իրականություն վերադառնալ՝ տեսնելով այդ լայնածավալ պատերազմը: Իսկ հիմա պատկերացրեք գերիների վիճակը, որոնք ենթարկվել են խոշտանգումների: Պետության կողմից բավականին լուրջ ռեաբիլիտացիոն ծրագիր է պետք նրանց համար, բայց ես որևէ քայլ այդ ուղղությամբ չեմ տեսնում: Փոխարենը բարձր ամբիոններից միայն խտրական վերաբերմունք ու միայն մահվան ձայն եմ զգում»:
Նշենք, որ Հայաստանի իրավապաշտպանները, նաև ՄԻՊ-ը տարբեր միջազգային կառույցներում բարձրաձայնում են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների մասին: Ունենք նաև դիմումներ, որոնք ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ պաշտոնյա հանդիսացող անձանց վերոնշյալ հայտարարությունները կարող են վնասել գործընթացներին:
«Առհասարակ, բավականին վնասակար ազդեցություն են ունենում բարձրագույն մակարդակով արված նաև այնպիսի հայտարարությունները, որոնցում ՀՀ սահմանների վերաբերյալ կասկածներ կան, որոնցում նաև հայկական տեղանուններն ադրբեջանական անվանումներով են հնչեցվում: Այս վարքագիծն անընդունելի է ոչ միայն ՀՀ շահի, այլև մարդասիրական տեսանկյունից: Քանի դեռ դու մեկ մարդու կյանքի փրկության հնարավորություն ունես, ամեն ինչ պետք է անես, որ այդ մարդու կյանքը փրկվի: Քանի դեռ Ադրբեջանում ունես պատանդներ, գերիներ, դու ամեն ինչ պետք է անես, որ այդ մարդիկ փրկվեն: Սա աներկբա է: Իսկ վերոնշյալ դիրքորոշումը շատ խորը վնաս է հասցնելու թե՛ ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներին, թե՛ իրավական գործընթացներին»,- ասաց Հովհաննիսյանը: