ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից ծանուցում է ստացել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը։ Եվ զավեշտն այն է, որ երեքուկես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով՝ այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- հայտնել է փաստաբանը։
Նա նշել է, թե «այս իրավական խայտառակության» մնացած մանրամասները կներկայացնի հաջորդիվ։
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից մոտ կես միլիարդ դրամ հափշտակություն կատարելը կազմակերպելու մեջ։ Այս գործով անցնում է հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):