ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերի, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու, ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա ևս երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Բազմադրվագ քրեական գործով քննչական խմբի կողմից իրականացված նախաքննության ընթացքում զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, ովքեր դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է: