Նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 39-ամյա Համբարձում Օ.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վերջինս կասկածվում է հոկտեմբերի 15-ին համագյուղացուն՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանին սպանելու մեջ: Համբարձում Օ.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։ Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս էին բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 65-ամյա Խաչատուր Սուլյանի դին։
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Բերդի բաժին էր դիմել Այգեձոր գյուղի բնակիչ 86-ամյա Սարգիս Սուլյանը, ով հայտնել էր, որ եղբայրը հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, իր ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և չի վերադարձել։