ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել Բադեն-Բադեն գնալու մասին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Նա պնդեց, որ Սերժ Սարգսյանն արձակուրդն է անցկացրել Բադեն-Բադենում՝ օգտվելով իրեն ընձեռված սոցիալական երաշխիքներից։
«Ի՞նչ է նշանակում Բադեն-Բադեն, սա ծամոն է դարձել, Բադեն-Բադեն քաղաքում միայն կազինոնե՞ր են, որևէ մեկը Բադեն-Բադենի մասին կարո՞ղ է ինձ ասել, թե ինչ քաղաք է, ինչ ուղղվածության քաղաք է: Բադեն-Բադեն ծամոնին պետք է վերջ դրվի։ Մեկ անգամ էլ կրկնեմ, որ Բադեն-Բադենը առողջարանային քաղաք է»,- նշեց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ նոր մեղադրանքին, փաստաբանի գնահատմամբ՝ Սարգսյանի դեմ արշավ է սկսվել, որն իր նպատակին չի հասնի։
«Հասարակությանը շեղելու համար է արվում ամեն ինչ, անհասկանալի, անտրամաբանական, անհեթեթ գործընթաց է»,- նկատեց Մակինյանը։
Նշենք, որ տեղի է ունեցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանի փաստաբանը Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։
Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը խաղատանը 100 միլիոն դոլարից ավելի տանուլ է տվել։
Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմն էլ հերքում և 1 մլն դրամ է պահանջում։
Բացի այս, հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Սերժ Սարգսյանին օրերս որպես մեղադրյալ հարցանքննության է կանչել։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափան միջոց ընտրվելու է ստորագրություն չհեռանալու մասին։
Իսկ, ըստ մեղադրանքի, Սերժ Սարգսյանը, իբր, կաշառք է ստացել գործարար Սիլվա Համբարձումյանից։