Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
· Տուն-ինտերնատը գերբեռնված է, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում իրար կիպ տեղադրված մահճակալներ են՝ խնամարկյալների մասնավոր կյանքի իրավունքի խախտմամբ,
· հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութեր,
· առկա է դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս,
· դեղորայքը պահվել է անթույլատրելի պայմաններում,
· հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450 խնամարկյալին սպասարկում է մեկ հոգեբույժ): Սա բացարձակ անթույլատրելի է,
· անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը,
· արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. մատյանները պատշաճ չեն վարվում,
խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ և այլն,
· բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն),
· արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,
· Տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,
· Տուն-ինտերնատի բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ (ցնցուղների բացակայություն), առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,
· Տուն-ինտերնատում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ։
Մանրամասները՝ ՄԻՊ-ի հրապարակման մեջ։