ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:
Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:
Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները:
Հիշեցնենք, որ այսօր Սախարովի հրապարակում իրազեկման ակցիա իրականացնելիս «Ազատագրական շարժման» 6 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ Արա Զոհրաբյանը։
Շարժման մասնակիցները քաղաքացիներին կոչ են արել միանալ իրենց պայքարին։