Սույն թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր որոշումը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (Հաագա) սկսել էր քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Ավելի ուշ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները և պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի հետ դատավարություն է նախաձեռնել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան: Հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, կտտանքների ենթարկելով և այլ խախտումներով: Հայկական կողմի պնդմամբ՝ «այդ խախտումները կրկին առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում», երբ ադրբեջանական կողմը «կրկին կատարել է կոնվենցիայի կոպիտ խախտումներ»: